BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ջուդեհն ու Նուսեյբը՝ Հիսուսի Հարության տաճարի բանալիների պահապանները

Ջուդեհն ու Նուսեյբը՝ Հիսուսի Հարության տաճարի բանալիների պահապանները
28.12.2016 | 11:45

Երուսաղեմի քրիստոնեական գլխավոր սրբավայրի՝ Հիսուսի Հարության տաճարի բանալիները պահում են երկու արաբ մուսուլմաններ, նրանց աշխատավայրը քրիստոնեական տաճարի հրապարակն է:
Կիրակնօրյա հրաշալի առավոտը Ադիբ Ջավադ Ջուդեհ ալ Հուսեյնին նստած է Հիսուսի Հարության տաճարի միակ մուտքի առաջ: Չորրորդ դարում կառուցված վիթխարի եկեղեցու դարպասների առաջ է անցել 53-ամյա մուսուլմանի կյանքի մեծ մասը: Ջուդեհ ալ Հուսեյնը, ծոցագրպանից հանելով քսանսանտիմետրանոց մետաղե բանալին, պատմում է՝ ինչպես իր հայրը, պապը և նախնիների բազում սերունդներ իրենց կյանքն անցկացրել են այդ քարե նստարանին՝ պահակելով տաճարը, որը կառուցվել է Հիսուսի խաչելության, գերեզման դրվելու ու հարության վայրում: Դա միակ բանալին է, որով փակվում են տաճարի տպավորիչ փայտե դռները: Ալ Հուսեյնի խոսքով՝ բանալին իր ընտանիքին վստահել է սուլթան Սալահադինը, որ խաչակիրներից Երուսաղեմը գրավել է 1187-ին: Այն ժամանակ քաղաքը, որ սրբազան է և հուդայականների, և քրիստոնյաների, և մուսուլմանների համար, հերթական նվաճողի իշխանության տակ անցավ: Սալահադինն ուզում էր, որ իր եղբայր մուսուլմանները տաճարը չվնասեն, ինչպես եղել էր 1009-ին, երբ Ֆաթիմիդյան խալիֆ Ալ Խակիմը հրամայեց Սուրբ Հողում կրակի տալ մի քանի եկեղեցիներ, այդ թվում՝ Հարության տաճարը (1128-ին Ալ Խակիմի որդին թույլ տվեց տաճարը վերականգնել): «Սալահադինը բանալին տվեց մեր ընտանիքին, որ մենք պաշտպանենք եկեղեցին,- բացատրում է Ջուդեհ ալ Հուսեյնը:- Մեր ընտանիքի համար դա մեծ պատիվ էր: Եվ ոչ միայն մեր ընտանիքի, այլև ամբողջ աշխարհի բոլոր մուսուլմանների»:
Ջուդեհի ընտանիքի անդամները և մուսուլմանական ևս մեկ ընտանիքի՝ Նուսեյբի, դարձել են մշտական մասնակիցները բարդ հիերարխիայի, որ կառուցվել է Հարության տաճարի շուրջ: Այսօր տաճարում վեց տարբեր հինավուրց եկեղեցիներ են՝ Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ, Հայ առաքելական, Սիրիական ուղղափառ, Եթովպիական ուղղափառ և Ղպտի ուղղափառ: Յուրաքանչյուրն ունի իր տարածքը և պատարագի ժամերը, հոգևորականները, որ ապրում են տաճարում: Դարերի ընթացքում կրոնական համայնքների միջև խառը հարաբերություններ են եղել, երբեմն իսկական մարտեր են ծավալվել տաճարի տարբեր հատվածների վերահսկողության համար: Մինչև այսօր կրքերի բռնկումները կանխվում են օսմանյան սուլթանի XIX դարի հրամանագրով, որտեղ նշվում է՝ յուրաքանչյուր եկեղեցի իրավունք ունի օգտագործել տաճարի այն մասերը, որ իր տիրապետության տակ էին 1853-ին, երբ հրամանագիրը տրվել է:
Ամեն առավոտ, ժամը չորսին երկու ընտանիքների ներկայացուցիչները մասնակցում են համագործակցության ինքնատիպ արարողության: Մուսուլմանների ներկայացուցիչը բացում է կողպեքը և դռան մեկ փեղկը, որից հետո Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հույն ուղղափառ կամ Հայ առաքելական եկեղեցիների հոգևորականներից մեկը (նրանք այդ դերը հերթով են կատարում) ներսից բացում են երկրորդ փեղկը՝ մյուս համայնքների անդամների ներկայությամբ: Նույն արարողությունը հակառակ կարգով տեղի է ունենում ամեն երեկո, ժամը յոթին, երբ տաճարի դարպասները փակվում են:
Բոլոր զբոսաշրջիկներն ու ուխտավորները, որ գալիս են տաճար՝ հպվելու սալաքարին, որտեղ դրվել է խաչից իջեցված Հիսուսի մարմինը, Գողգոթա բարձրանալու և Կուվուկլիա մտնելու (տաճարի ներսում գտնվող մատուռը, որ կառուցվել է Հիսուսի դամբարանի տեղում), անցնում են այս մուսուլման պահակների կողքով, որ օրվա մեծ մասը՝ ընտանեկան ու առևտրական գործերի ընդմիջումներին, նստած են մուտքի առաջ: Պատմաբանները դժվարանում են որոշակի ասել, երբվանից է գալիս ավանդույթը, բայց նրա իրավաչափությունը վիճարկելու փորձեր չեն ձեռնարկվել, մեծամասնության կարծիքով՝ ծիսակարգը կենտրոնական տեղ ունի տաճարի ամենօրյա կյանքում:
«Դա, ըստ էության, ավանդույթ է, ինչպես եկեղեցում շատ իրողություններ,- կարծում է Ռեյմոնդ Կոենը՝ Երուսաղեմի հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսորը, որ տաճարի ուսումնասիրության հիման վրա գրել է Saving the Holy Sepulchre («Տիրոջ գերեզմանի փրկությունը») գիրքը:- Իմ կարծիքով՝ սա Երուսաղեմի մարգարիտներից է»: Թեպետ բանալին պահվում է ալ Հուսեյնի ընտանիքում, դռները բացելու ու փակելու պարտականությունը դրված է Նուսեյբե ընտանիքի վրա: 67-ամյա Վաջիհ Ի Նուսեյբեն, որ նստած էր ալ Հուսեյնի կողքին, պատմում է, որ այդ հանձնարարությունն իր ընտանիքին տրվել է 637-ին, երբ խալիֆ Օմարը Երուսաղեմ բերեց իսլամը: «Մեր ընտանիքն առաջին անգամ Երուսաղեմ մտավ Օմարի հետ և այդ ժամանակից կատարում է եկեղեցին վանդալներից պաշտպանելու իր պարտականությունը»,- պատմում է Նուսեյբեն՝ ինձ մեկնելով իր այցեքարտը, որի վրա գրված է «Տիրոջ գերեզմանի տաճարի պահապան և պահակ»: Սակայն Ջուդեհ ալ Հուսեյնը պնդում է, որ Նուսեյբե ընտանիքը այդ արարողությանն ավելի ուշ է սկսել մասնակցել: «Ինչ ասում է Նուսեյբեն, ճիշտ չէ»,- ասաց նա ինձ հետո, հավելելով, որ երբ իր ընտանիքը 1187-ին Սալահադինից ստացավ բանալին, Նուսեյբե ընտանիքին խնդրեցին բացել ու փակել դռները, որովհետև դրա համար պետք է աստիճաններով բարձրանալ ու կողպեքը բացել, իսկ Ջուդեհ ընտանիքի մոտ մնացել է բանալին: «Մեր ընտանիքին վայել չէր աստիճաններով վերև-ներքև մագլցել, որովհետև մենք շեյխեր էինք»,- բացատրեց ալ Հուսեյնին: Բայց նրա այցեքարտի վրա գրված է «Տիրոջ գերեզմանի տաճարի բանալիների պահապան»: Ալ Հուսեյնի պատմածը լսելով՝ Նուսեյբեն միայն ժպտաց և կրկնեց իր վարկածը` ավանդույթը սկսվել է Օմարից, որ քաղաքը կառավարել է Սալադինից հինգ հարյուր տարի առաջ: Կողք կողքի նստած՝ նրանք ասում են, որ դա բարեկամական վեճ է, որի վրա իրենք էլ հաճախ ծիծաղում են:
Այդ օրը Ջուդեհ ալ Հուսեյնի ու Նուսեյբի հետ շփվում էին բազում ծանոթներ, հոգևորականները, զբոսաշրջիկները և նույնիսկ իսրայելցի ոստիկանները, որ վերահսկում են կարգուկանոնը տաճարում: Տաճարը դիմացել է ոչ միայն Երուսաղեմի իշխանության քմահաճույքներին (մի քանի հարյուրամյակ խալիֆաթը ուխտավորներից տաճար մտնելու համար վիթխարի գումարներ էր գանձում), այլև ներքին տարաձայնությունները: Կրոնական տարբեր համայնքների միջև կոնֆլիկտներ միշտ են եղել՝ երբեմն շատ սուր, տաճարի տարբեր մասերի վերահսկողության համար, և հաճախ, հատկապես Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում, իրավունքների ու տարածքների վերաբաշխման մեջ ներգրավվում էին տեղական իշխանությունները: Ժամանակ առ ժամանակ այդ տարաձայնությունները համաշխարհային գերտերությունների կոնֆլիկտների վերաճելու ռիսկ ունեին:
1853-ին Ռուսաստանը սպառնաց զորքեր մտցնել Թուրքիա, եթե օսմանյան կառավարությունը, որի վերահսկողության տակ էր Երուսաղեմը, բավարարի Ֆրանսիայի պահանջը և Հռոմի կաթոլիկ եկեղեցուն տա տաճարի այն մասը, որ պատկանում է Հույն ուղղափառ եկեղեցուն: Արդյունքում Սուլթան Աբդուլմեսիդ I-ի հրամանագրով արգելվեց հետագայում տաճարի ներսում ունեցվածքի ու իրավունքի փոխանցումը: Այսօր ստատուս քվոն պարտավոր են պահպանել բոլոր կրոնական համայնքները և դրանով է որոշվում տաճարի կյանքը՝ պատարագների ժամանակագրությունից մինչև լեզուն, որով մատուցվում են, ճանապարհները, որով անցնում են թափորները: Ավանդույթի ցանկացած փոփոխություն վեճի ու ծեծկռտուքի պատճառ է:
Տասնամյակներ տևած բանակցություններից հետո Հռոմի կաթոլիկ, Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները պատմական համաձայնության հանգեցին մատուռի վերանորոգման հարցում՝ ճարտարապետները վաղուց են տագնապ հնչեցնում՝ կառույցի փլուզման վտանգի մասին: Հիմա Կուվուկլիան շինարարական փայտամածների մեջ է: 2016-ի հունիսից տաճարի կենտրոնում աստիճանների, քարաբեկորների, փայտի ու այլ շինանյութերի կարելի է հանդիպել: 200 տարվա մեջ սա առաջին վերականգնումն է մատուռում, որտեղ Հիսուսի գերեզմանն է և առաջին մեծ նախագիծը 1960-ականներից:
Չնայած այսօր եկեղեցիները ավելի հաջող են համագործակցում, քան անցյալում, իսրայելական ոստիկանությունը հետևում է կարգուկանոնին, դռների պահակները մարմնավորում են այն վիթխարի դերը, որ տաճարի կյանքում ունեն ավանդույթներն ու արտաքին ուժերի ներգործությունը:
…Երեկոյան վեց անց կեսին, տաճարը փակելուց կես ժամ առաջ, լռությունը խախտում է բարձր թակոցը: Օմար Սումրենը, ըստ ավանդույթի, փայտե մուրճով խփում է նախքան դռան փեղկերից մեկը փակելը՝ պատրաստվելով դռները կողպելուն: Սումրենն ու նրա եղբայր Իշմայելը արդեն 25 տարի աշխատում են ալ Հուսեյնի համար՝ բացելով ու փակելով դռները, երբ նա զբաղված է: Յոթից մի քիչ պակաս, երբ վերջին այցելուներն էլ սկսեցին դուրս գալ, Իշմայելը վերցրեց սանդուղքը և դուրս եկավ: Երկու ֆրանցիսկյան հոգևորականներ իրենց դարչնագույն փիլոններով, պարանով գոտևորված, Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, որ սև սքեմներով էին, հետևում էին յուրաքանչյուր շարժմանը: Ամենօրյա ծիսակարգին ներկա է և իսրայելցի ոստիկանը: Իշմայելը փակեց դուռը և սանդուղքով բարձրացավ, որ վերին կողպեքը փակի:
Իջնելով՝ նա ծալեց սանդուղքը և փոխանցեց ներսում գտնվող հոգևորականներին՝ դռան ոչ մեծ անցքով: Քանի դեռ հոգևորականները երեկոյան ծիսակարգերն էին անում տաճարում, Օմարը, ում ալ Հուսեյնը վստահել էր բանալին, հեռացավ տաճարի հրապարակից ոչ հեռու իր տունը: Ամեն գիշեր այստեղ հերթապահում է բանալու պահապաններից մեկը՝ պատրաստվելով առավոտյան ծիսակարգին:
«Տաճարն ինձ համար երկրորդ տուն է»՝ ասում է Ջուդեհ ալ Հուսեյնը:
Սառա ՏՈՏ ՍՏԱԲ, BBC Travel


Հ.Գ. Սուրբ Հարության տաճարի ավանդույթները բազում են, ավանդաբար գիշերը տաճարում լուսացրածները առավոտյան ավլում են տաճարը ու մաքրում նոր օրվա համար: Դա իսկապես սքանչելի ծես է, երբ վիթխարի տաճարի տարբեր կողմերից հավաքում են ողջ օրը կուտակված աղբը ու լցնում սև տոպրակները, որ հետո տանում են տաճարից հեռու հատուկ աղբանոց: Իբրև Սուրբ Հարության տաճարը լուսադեմին ավլած ուխտավոր՝ կարող եմ վկայել, որ ոչ միայն տաճարն է մաքրվում, այլև հոգիդ, ու լուսաբացին աղոթքի պես հանգստություն է իջնում վրադ, ինչպես կանթեղներից ծորացող լույսը: Քեզ թվում է, որ դու էլ Լույս ես ճառագում, որովհետև հաղորդակցվել ես Սուրբ Լույսին, որ միշտ վառվում է մատուռում, որ կառուցվել է Տիջոջ գերեզմանի տեղում: Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում Գողգոթան, որի ամեն աստիճանի վրա քեզ հետ խոսում է մարդկության պատմությունը, ու դու պարզապես չես կարող բարձրանալ կամ իջնել, դու ինքդ էլ դառնում ես պատմության մասը, ու դա էլ ավանդույթ է, որ ոչ ոք չի սահմանել, բայց ամեն օր ապրում է ու լինելու է, քանի կա տաճարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ